Հիմնական նավիգացիա

Ժամանակային ագենտներ․ ինչու է ձեր գիտելիքին ժամանակագիծ անհրաժեշտ

Ժամանակը հաշվի առնող համատեքստն օգնում է ԱԲ ագենտներին ավելի բարդ հարցերի պատասխանել վստահելի ու արդիական գիտելիքներով։

Ժամանակային ագենտները և գիտելիքներին ժամանակագիծ տրամադրելու անհրաժեշտությունը ներկայացնող գծապատկեր։

Ինչպես են իրականում աշխատում ժամանակային ագենտները՝ առանց մասնագիտական բառապաշարի

Ժամանակային ագենտի մշակման շղթան հիմնված է պարզ տրամաբանության վրա։

  1. Մուտքային տվյալները բաժանեք հատվածների

Սկսեք որևէ փաստաթղթից, օրինակ՝ խորհրդի նիստի սղագրությունից կամ տարեկան հաշվետվությունից։ Այն բաժանեք հեշտ մշակվող հատվածների, օրինակ՝ ըստ խոսողների ելույթների կամ պարբերությունների։

  1. Առանձնացրեք պնդումները

Յուրաքանչյուր հատվածից առանձնացրեք հստակ, ինքնաբավ պնդումներ, օրինակ՝ «X ընկերությունն առաջատար է շուկայում»։

  1. Նշեք տեսակը

  • Փաստ (օբյեկտիվ ճշմարտություն)

  • Կարծիք (սուբյեկտիվ գնահատական)

  • Կանխատեսում (կանխատեսություն կամ գնահատական)

  • Ստատիկ (ճիշտ է ժամանակի որոշակի պահին)

  • Դինամիկ (կարող է ժամանակի ընթացքում փոխվել)

  • Անժամանակ (ժամանակից անկախ փաստ)

  1. Որոշեք ժամանակահատվածը

Ագենտը որոշում է, թե պնդումը երբ է ճիշտ դարձել և, անհրաժեշտության դեպքում, երբ է դադարել ճիշտ լինելուց, այսինքն՝ երբ է անվավեր դարձել։ Խոսքը պնդման մեջ պարունակվող տեղեկության վավերականության մասին է, որի ժամանակահատվածը կարող է չհամընկնել պնդման ստեղծման կամ հրապարակման պահի հետ։

  1. Ստուգեք հակասությունները (անվավեր ճանաչումը)

Եթե նոր պնդումը հակասում է հնին, հին գրառումը չի ջնջվում գիտելիքների բազայից․ այն նշվում է որպես ժամկետանց և կապվում նոր գրառման հետ։

Այս գործընթացը և՛ ավտոմատ է, և՛ հետագծելի, ուստի միշտ կարող եք մանրամասն ուսումնասիրել, թե ինչ է փոխվել և ինչու։

Առանց մասնագիտական բառապաշարի ներկայացնող գծապատկեր, թե ինչպես են իրականում աշխատում ժամանակային ագենտները։

Ինչպե՞ս ստեղծել ձեր ժամանակային ագենտը

Իսկ լավ նորությո՞ւնը։ Կարիք չկա վերանախագծելու ձեր ամբողջ համակարգը։ Ժամանակային ագենտները հաճախ կարելի է ուղղակիորեն ինտեգրել ձեր առկա RAG ճարտարապետությանը կամ գիտելիքների մշակման շղթային։

Հիմնական բաղադրիչները՝

  • Իմաստային հատվածավորում․ սկզբնական տեքստը բաժանեք իմաստալից մասերի։

  • Փաստերի առանձնացում LLM-ի միջոցով․ LLM-ներն օգտագործեք փաստերը բացահայտելու, ամսաթվերը որոշելու և իրադարձությունների տեսակները նշելու համար։

  • Ժամանակային դասակարգում․ LLM-ներն օգտագործեք պնդումները ժամանակային առումով դասակարգելու և դրանց վավերականության ժամանակահատվածները որոշելու համար։

  • Ժամանակային անվավեր ճանաչման տրամաբանություն․ նոր փաստերը կարող են ինքնաբերաբար թարմացնել կամ ժամկետանց դարձնել հները՝ առանց տարբերակները ձեռքով կառավարելու։

  • Եռյակների վրա հիմնված պահպանում․ գիտելիքների գրաֆների կամ գրաֆային տվյալների բազայի դեպքում յուրաքանչյուր փաստ պահվում է այսպես՝ [Սուբյեկտ]—[Գործողություն]—[Օբյեկտ] + [Սկզբի ժամանակ, ավարտի ժամանակ]։

Ճիշտ կազմաձևման դեպքում նույնիսկ փոքր թիմերը կարող են մի քանի շաբաթում նախատիպից անցնել արտադրական տարբերակի։ Նախատիպը կարող եք ստեղծել ավելի մեծ մոդելներով (GPT-4.1), ապա, երբ այն կայունանա, անցնել ավելի արագ տարբերակների (GPT-4.1-mini կամ nano)։ Տեխնիկական մանրամասներին ավելի խորությամբ ծանոթանալու համար տեսեք OpenAI Cookbook-ի «Ժամանակային ագենտները գիտելիքների գրաֆների հետ» ուղեցույցը։

Ձեր սեփական ժամանակային ագենտի ստեղծումը ներկայացնող գծապատկեր։

Ինչպես միավորել ամեն ինչ՝ տեղեկության որոնման և մասշտաբավորման միջոցով

Այսպիսով, դուք արդեն կարգավորել եք ժամանակային համատեքստը հաշվի առնող գիտելիքների գրաֆը և կարող եք վստահել դրանում եղած տվյալներին։ Ինչպե՞ս կարող եք տվյալների այս ամուր հիմքը վերածել բիզնես արժեքի։

Գիտելիքների մեծ բազաներից անհրաժեշտ տեղեկությունը գտնելը կարող է դժվար լինել։ Այստեղ կարող են օգնել տեղեկության բազմափուլ որոնման ագենտները։ Այս համակարգերը կարող են փոխկապակցված բազմաթիվ հարցումների միջոցով խելամտորեն ուսումնասիրել գիտելիքների բազան և գտնել ձեր հարցմանը պատասխանելու համար ամենաարդիական տեղեկությունը։

Համակարգի մասշտաբավորմանը զուգընթաց առանցքային են դառնում արդյունավետության պահպանումն ու աշխատանքի օպտիմալացումը։ Պլանավորիչների կիրառումը կարող է պարզեցնել տեղեկության որոնումը՝ օգնելով, որ մշակման շղթայի հետագա փուլերը կենտրոնանան կարևորի վրա։ Հիմնական համակարգին հասանելի որոնման և վերլուծության գործիքների կատարելագործումը նույնպես կարող է արդյունք տալ՝ հնարավորություն ընձեռելով մեծ գիտելիքների գրաֆերին ավելի բարդ հարցումներ կատարել՝ առանց արագության կամ որակի կորստի։

Մեծ ծավալի ներդրումների դեպքում գրաֆի շրջանցումը զուգահեռացնելը, հաճախ օգտագործվող հարցումների ուղիները քեշավորելը, ինչպես նաև հարցումների հետագա բարելավմամբ ու լրացուցիչ ուսուցմամբ աշխատանքն օպտիմալացնելը կարող են զգալիորեն բարձրացնել արդյունավետությունը։

Եզրափակիչ մտքեր

Ժամանակային ագենտ ստեղծողների համար OpenAI Cookbook-ում բաց կոդով հրապարակել ենք «Ժամանակային ագենտները գիտելիքների գրաֆների հետ» ամբողջական տեխնիկական ուղեցույցը՝ ընդգրկելով ամեն ինչ՝ առանձնացման տրամաբանությունից մինչև բազմաքայլ դատողություն, այդ թվում՝

  • Ամբողջական կոդ և մշակման շղթայի նախագծեր

  • Մոդելի ընտրության ուղեցույց և գնահատման ռազմավարություններ

  • Նախատիպից արտադրական տարբերակի մասշտաբավորման լավագույն գործելակերպեր

Ժամանակային ագենտները փոխում են այն, թե ինչպես է ԱԲ-ն ընկալում ձեր աշխարհը՝ ոչ թե որպես անփոփոխ փաստերի ամբողջություն, այլ որպես կենդանի և զարգացող պատմություն։

Երբ ձեր որոշումների համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է տեղի ունեցել, այլև՝ երբ, ժամանակն է մտածել ժամանակային համատեքստի մասին։

Եվ պարտադիր չէ, որ այն միայնակ ստեղծեք։ Եթե ցանկանում եք, որ ձեր համակարգերն ավելի լավ հաշվի առնեն համատեքստը, պատրաստ լինեն որոշումների կայացմանը կամ պարզապես ավելի համապատասխանեն իրականությանը, մենք սիրով կօգնենք։

Հեղինակ

Alex Heald, Douglas Adams